«Թեպետ եւ եմք ածու փոքր և թուով յոյժ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ ի մերում աշխարհիս ու արժանի գրոյ յիշատակի...»:
«Թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով ու զորությամբ թույլ, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի...»:
Մ.ԽՈՐԵՆԱՑԻ
Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է,
ով Վենետիկում 1512-1513թթ. հրատարակել է հինգ
գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պարզատումար»,
«Աղթարք», «Տաղարան» և «Պատարագատետր»։
Այնուհետև Իտալիայի մյուս քաղաքներում,
Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում,
Հնդկաստանում, Ռուսաստանում գրքեր
հրատարակեցին Հովհաննես Տերզնցին ու
Սուլթանշահը, Ոսկան Երևանցին,
Վանանդեցիները, Գրիգոր Մարզվանեցին,
Մխիթար Սեբաստացին և այլ տպագրիչներ:
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը
հրատարակվել է Ամստերդամում 1666-1668թթ.։
Ժամանակակից գրականության առաջին տպագիր
նմուշը 17-րդ դ. հայտնի պատմագիր Առաքել
Դավրիժեցու «Գիրք պատմութեանցն» է՝
տպագրված 1669թ. Ամստերդամում։ Աշխարհաբար
առաջին գիրքը՝ «Արհեստ համարողութեանը»,
լույս է տեսել 1675թ. Մարսելում։ Առաջին
քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը»,
տպագրվել է 1695թ. Ամստերդամում
Վանանդեցիների կողմից։ Առաջին
պարբերականը՝ «Ազդարարը», հրատարակել է
Հարություն Շմավոնյանը Մադրասում 1794թ.։
Հայաստանի Հանրապետության տարածքում
առաջին տպարանը հիմնադրվել է 1771թ.
Էջմիածնում՝ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի
կողմից։
«Հայ գիրք» շտեմարանը ներառում է 1512 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում տպագրված հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող հայկական բովանդակությամբ, և հայերեն ելից տվյալներ պարունակող ու հայ հեղինակների կողմից ստեղծված այլալեզու գրքերը:
Շտեմարանում տեղ են գտել նաև երկլեզվյան
ու բազմալեզվյան այն
հրատարակությունները, որոնց բնագրի
լեզուներից մեկը հայերենն է /ատլաս,
կատալոգ, պատկերագիրք, բառարան/,
ինչպես նաև 1512-1800թթ. հրատարակված
քարտեզները, հմայիլները, պարբերականները
և հայատառ հատվածներ պարունակող
այլալեզու հրատարակությունները:
Միայն թվայնացված գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Գրադարանի քարտարան" (Library Catalog) և մուտք անել կարդալ առցանց արտահայտությունը։
Միայն Հայաստանի ազգային գրադարանում առկա գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Խորագիր" (Subject) և մուտք անել ՀԱԳ:
Հայաստանի ազգային գրադարանում բացակա գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Դասիչ" (Call Number) և մուտք անել բացակա բառը։
«ՀԱՅ ԳԻՐՔ» շտեմարանում տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին: